Լրագրող և քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի գործով կզբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ասելով, Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Տռուզյանը հաղորդել է, որ ոստիկանության հրամանատար Վահան Վրթանեսյանը միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել, որում հայտարարել է, թե Արգիշտի Կիվիրյանը ոստիկանական մեքենայի մեջ իրեն հայհոյել, կծել եւ հարվածել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կիվիրյանը դաժան ծեծի էր ենթարկվել Կոմիտասի փողոցում բազմահարկ էլիտար շենքի կառուցման դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Կիվիրյանի ասելով, ինքը պատրաստ է ճանաչել նրանց, ովքեր իրեն ծեծի են ենթարկել: Կիվիրյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվություն և համապատասխան լուսանկարներ են հայտնվել FB ցանցում: Հաղորդման մեջ ասվում է, որ Ոստիկանությունը նաև խոչընդոտել է Կիվիրյանին շտապ բժշկական օգնություն ցույց տալու հնարավորությանը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն` իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով:
Այդ առնչությամբ Կիվիրյանը կարծում է, որ քրեական գործը հարուցվել է միանգամայն այլ ՙսցենարով՚: Նա համոզված է, որ իրեն բերման ենթարկելը, ծեծի ենթարկելը և դրան հաջորդած գործընթացները հետապնդում են միայն մեկ նպատակ. մեկուսացնել իրեն և վախի մթնոլորտ սերմանել հասարակության շրջանում: Ոստիկանության գործողությունները Կիվիրյանը կապում է իր լրագրողական և հասարակական գործունեությանը: