Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում հրապարակվեցին օրակարգում ընդգրկված 6 հարցերի վերաբերյալ որոշումներ:
Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը
Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալե ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է ՙՔրաուն Քեմիքալ՚ ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են ՙՔրաուն Գոլդ՚ անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ ՙՔրաուն Քեմիքալ՚ ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, ՙՔրաուն Գոլդ՚ ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:
Հանձնաժողով է դիմել նաև ՙԲարի Սամարացի՚ ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ՝ տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես ՙԷրզրում՚ ընկերության կողմից ՙԲարի Սամարաց՚ նրբահամ եփած երշիկ՚ և ՙECO PICANT ERZRUM ԷՐԶՐՈՒՄ՚ անվանումով երշիկների արտադրությանը: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները ՙԲարի Սամարացի՚ ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որևէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:
Հանձնաժողովին է դիմել նաև ՙՊռոշյանի կոնյակի գործարանը՚, տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է ՙԲերդաձոր՚ ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց ՙՊռոշյանի կոնյակի գործարանը՚ հանդես է եկել միջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքը և պարտավորվել է վերացնել խախտումը:
Հանձնաժողովում նշվել է, որ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, և հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով: