Հայաստանի բնակչության 82%-ը հիմնական դաշնակից և երկրի բարեկամ է համարում Ռուսաստանին, ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամում ընթացող ՙՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը՚ միջազգային խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԻնտեգրացիա և զարգացում՚ հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:
ՙԱյդ մասին են վկայում մեր կազմակերպության կողմից հոկտեմբերի 5-11-ը 1000 մարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները: Մենք այդ հարցումն անցկացրել ենք` Ռուսաստանի և Եվրամիության միջև մեր բնակչության նախապատվությունների գնահատման նպատակով: Հայերի 67%-ը Ռուսաստանի հետ համագործակցությունը գերակա է համարում ԵՄ հետ համագործակցության նկատմամբ: Սրանք հանրապետության բնակչության իրական տրամադրությունների արդյունքներն են, այլ ոչ թե որոշակի ուժերի կողմից ԶԼՄ-ներում հրապարակվող տվյալներ՚,- ընդգծել է Սաֆարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունը Ռուսաստանի հետ ինտեգրումից օգուտներ է տեսնում համակարգաստեղծ ոլորտներում` էներգետիկա, տրանսպորտ, ուղղակի ներդրումներ արտադրությունում: Մաքսային միության մասին խոսակցությունները որակական նոր մակարդակի վրա կդնեն Աբխազական երկաթուղու բացումը: ՙՎերջրվերջո, տարածաշրջանում հնարավոր ապակայունացման հիմնապատճառներից մեկը Հայաստանի տնտեսության չափազանց դանդաղ զարգացումն է` հատկապես հարևան Ադրբեջանի լույսի ներքո: Այդ պատճառով մենք պետք է ամենամոտ ժամանակներս տնտեսական լուրջ աճի հասնենք, և Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը միակ շուկան է, որը թույլ կտա դա անել՚,- ամփոփել է փորձագետը: