Հայ բնապահպանները փորձում են գտնել Հայաստան ներկրված
կապիկների հետքը, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Հուլիսի սկզբին ավստրալական The Sydney Morning Herald թերթը նյութ էր հրապարակել կապիկների ապօրինի
վաճառքի վերաբերյալ: Թերթը վկայակոչել էր PEGAS (Project to End Great Ape
Slavery) նախագծի ներկայացուցիչ Դենիել Սթայլզի խոսքերը, ով պնդել էր, թե
«գազանաբար որսացվել են» հարյուրավոր կապիկներ, այդ թվում` շիմպանզեներ, գորիլաներ
և օրանգուտանգներ, և վաճառվել են այնպիիս երկրների, ինչպիսիք են Հայաստանը,
Չինաստանը, Եգիպտոսը, Ռուսաստանը, Թաիլանդը և ԱՄԷ: Բնապահպանները պնդում են, որ
մեծ կապիկների վաճառքը «ստրկության» բազմամիլիոնանոց շահույթ է բերում:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ տեղեկատվությունը
մեկնաբանել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը: Նրա ասելով, ինքը
կապվել է CIT-es միջազգային կազմակերպության հետ, որը կարգավորում է կենդանիների
ներկրումն ու արտահանումը: «Նրանք հաստատեցին, որ այս տարի Հայաստան մեկ անգամ
Հայաստան է ներկրվել 6-8 կապիկ: Այն հանգամանքը, որ հանրապետություն են ներկրվել
Կարմիր գրքում գրանցված կապիկներ, ինձ բացատրեցին այն բանով, որ այդ տեսակները
գրանցված չեն Հայաստանի կարմիր գրքում: Բայց չէ որ դա անհեթեթություն է: Ինչու՞
պետք է կապիկները գրանցվեն Հայաստանի կարմիր գրքում: Դա սովորական տգիտություն է և օրենքների
չիմացություն: Ըստ էության` դա հակաօրինական է», - ընդգծել է Ադամյանը:
Փորձագետը
նշել է, որ իրեն լրացուցիչ տեղեկատվություն չեն ներկայացրել այն մասին, թե
հատկապես ում համար են նախատեսված եղել ներկրված պրիմատները: Մինչդեռ Ադամյանը չի
բացառել, որ դրանք ներկրվել են մասնավոր կենդանաբանական այգու համար:
«Արտասահմանում ունևոր մարդիկ ներդրումներ են կատարում վայրի բնության պահպանման
գործում, այլ ոչ թե` վայրի կենդանիներին պահում անազատության պայմաններում,
վանդակներում` ինչպես մեզ մոտ», - նկատել է բնապահպանը: