Ուկրաինայում տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի
աշխարհաքաղաքական վերաբաժանում, հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ,
վերլուծաբան Իգոր Մուրադյանը փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում`
մեկնաբանելով Մայդանի իրադարձությունները:
«Հարկավոր է արժանին մատուցել Ուկրաինայի հերոսական
ժողովրդին: Նա առանց որևէ արտաքին աջակցության հանդես եկավ ընդդեմ ռուսական
գաղութատիրության», - նշել է նա: Այդ համատեքստում նա զուգահեռներ է անցկացրել
Հայաստանի հետ, որը, նրա ասելով, կանգնելով պետականության կորստի առջև, լիակատար
լռույթուն է պահպանում: «Քաղաքական կյանքը Հայաստանում մեռած է», - փաստել է
Մուրադյանը:
Վերադառնալով Մայդանի իրադարձություններին` վերլուծաբանը
նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուներ վերընտրվելու և
կառաավարող «Ռեգիոնների կուսակցության» ազդեցությունն ուժեղացնելու փայլուն
հեռանկար: «Յանուկովիչը հասկանում էր, որ Եվրոպային ինտեգրումն իրոք Ուկրաինայի
ապագան է: Հենց որ նա հրաժարվեց այդ գաղափարից, ուկրաինական ժողովուրդը հասկացավ,
որ նրան տրված վարկն արդեն սպառված է», - ասել է Մուրադյանը: Դրա արդյունքը եղավ
այն, որ Ուկրաինայի գլխին կախվեց ինքնուրույնության կորստի կայսերական սպառնալիքը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա այստեղ
վերլուծաբանը նշել է, որ արևմտյան հանրությունն աննկատ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
հասկացրել է, որ նա այլևս համաշխարհային էլիտար ակումբի անդամ չէ: Նրա ասելով,
արևմտյան հանրության և Ասիայում նրա որոշ գործընկերների կողմից իրականացվում է
Ռուսաստանի շրջափակում, ինչը կարող է հանգեցնել տնտեսական աղետի և կհարվածի ներքին
կայունությանը: Դրա արդյունքում, Մուրադյանի կարծիքով, Մոսկվայում կարող է տեղի
ունենալ Մայդանի նման ինչ-որ բան: «Ռուսաստանի ղեկավարությունը չի կարող դրա հետ հաշտվել և հասկանում է, որ գլխավոր խաղադրույքն այս խաղում ոչ Կովկասն է,
ոչ էլ Կենտրոնական Ասիան, այլ` Ուկրաինան», - հայտարարել է վերլուծաբանը:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը Եվրոպայում շատ է փոխվել: Այժմ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան
ամեն բան անում են Արևելյան և Արևմտյան Եվրոպայի նկատմամբ ազդեցության լծակները
չկորցնելու համար», - ավելացրել է նա:
Միևնույն
ժամանակ Մուրադյանը նշել է, որ Ուկրաինայում իսկական կռիվը դեռ չի սկսվել:
«Իսկական կռիվը կլինի այն ժամանակ, երբ մատիտը ձեռքներին սկսեն սահմանները գծել»,
- նշել է նա: Նրա կարծիքով, դրանից կարելիէ խուսափել, եթե խոսենք ոչ թե Ուկրաինայի
փլուզման, այլ բաժանման մասին: