ՙԱյբ՚ ավագ դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին դպրոցում կայացել է ՙHour of Code՚ միջազգային միջոցառումը: Հայաստանում միջոցառումն անցկացվել է առաջին անգամ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Microsoft ընկերության աջակցությամբ:
ՙHour of Code՚ միջազգային միջոցառումը համախմբում է ավելի քան հարյուր միլիոն մասնակցի՝ 180 երկրից: Շուրջ 45 հազար դպրոց մասնակցություն է ունենում այս համընդհանուր միջոցառմանը: Այն մեկ հարկի տակ է հավաքում տեխնոլոգիայի, խաղերի և ծրագրավորման սիրահարներին: Միջոցառումը հնարավորություն է տալիս սովորելու ծրագրավորման տարբեր լեզուների և մոտեցումների հիմունքները: Ծրագրավորման լեզուների իմացությունը պարտադիր պայման չէ ՙHour of Code՚ միջոցառմանը մասնակցելու համար:Միջազգային միջոցառման կազմակերպման գաղափարը բխում է այն համոզմունքից, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Դա օգնում է զարգացնել տրամաբանությունը, նորարարությունը և խնդիրների լուծման հմտությունները: Սկսելով իրենց համակարգչային ուսուցումը վաղ տարիքում՝ աշակերտները կառուցում են ճանապարհ դեպի ապագա մասնագիտական հաջողություն՝ իրենց նախընտրած ոլորտում: Միջոցառմանը մասնակցելու միակ պահանջը անգլերեն հաղորդակցվելու կարողությունն է և նոթբուքի կամ պլանշետային համակարգչի առկայությունը: Տարրական դպրոցի աշակերտները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ:
ՙHour of Code՚ միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց քարոզարշավի գլխավոր նպատակն է, որ տասնյակ միլիոնավոր աշակերտներ մասնակցեն միջոցառմանը դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում՝ համակարգչագիտության ուսուցման շաբաթվա ընթացքում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ՙHour of Code՚ անդրանիկ միջոցառման իրականացմանը՝ ելնելով այն համոզմունքից, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու հարցում ընկերության պատրաստակամությունն ունի կարևոր նպատակ՝ խթանել նորը բացահայտելու և ստեղծելու ցանկությունը ծրագրավորմամբ հետաքրքրվող աշակերտների շրջանում: