Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրեե ամրագրելու անհրաժեշտությունը, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:
Նրա խոսքով, անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ:
ՙՀայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:
Ցավալի է, բայց փաստ, որ գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն: Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից:
Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար՚,- ասել է Սերժ Սարգսյանը: