Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է պետք, այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը`պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանը Գերմանիայի օրինակով մոռանալ հին վերքերի մասին և հաշտեցման ուղին ընտրել:
ՙՄենք հուսով ենք և ցանկանում ենք, որ այդպես լինի: Մեր գերմանա-ֆրանսիական պատմությունը դրա վառ օրինակն է: ժամանակին մենք նույնպես թշնամիներ էինք, սակայն քաղաքական կամքի առկայությունը մի կողմից և ժողովրդի ցանկությունը`մյուս կողմից, նպաստեցին հաշտեցմանը: Մարդիկ կուշտ էին պատերազմից: Դրա համար միանշանակ անհրաժեշտ է քաղաքական կամք՚,- ընդգծել է դիվանագետը:
Պատասխանելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին`Գերմանիայի դեսպանը նշել է, որ դա բարդ խնդիր է: ՙԿարծում եմ, որ եթե ես ճնշում գործադրեի ձեզ վրա, դուք կհրաժարվեիք անել այն, ինչ ես ասում եմ: Գտնում եմ, որ այսօր հաջողության կարելի է հասնել երկխոսության միջոցով: Դա բարդ է, երբեմն հիասթափություններ են լինում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ դա ամենաարդյունավետ մեթոդն է՚,- ասել է գերմանացի դիվանագետը: