Ապրիլի 15-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանին սատարելու վերաբերյալ հայտարարությամբ: ՌՀՄ-ն դիմել է Լիտվայի հայերի միությանը`իրենց օրինակին հետևելու և Մարգարյանի աջակցությամբ հանդես գալու առաջարկով: Լիտվայի հայերի միությունն ապրիլի 22-ին նիստ է անցկացրել Վիլնյուսում և որոշել մերժել Ռուսաստանի հայերի միության առաջարկը: Այդ մասին ասվում է Լիտվայի հայերի միության`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՈչինչ չունենալով Տարոն Մարգարյանի անձի դեմ և հարգելով նրա հոր` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը`գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած պաշտոնի որևէ թեկնածուին սատարելը հակաբարոյական է: Առաջին հերթին դա գնահատվում է որպես միջամտություն պետության ներքին հարցերին, առավել ևս, որ Լիտվայում և այլ երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ դիվանագետների, իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի համապետական ընտրություններին՚,- ասվում է Միության հայտարարության մեջ:
ՙԿարծում ենք, որ Երևանի, ինչպես և ամբողջ Հայաստանի բնկաչությունն ինքն է որոշում, թե ում տա իր քվեն, իսկ եթե մարդիկ բողոքում են ինչ-որ բանի դեմ, ուրեմն`դրա համար հիմքեր ունեն, և արտերկրի հայկական կազմակերպություններին հարիր չէ միջամտել այդ գործընթացին: Լիտվայի հայերի միությունն այսուհետ էլ շարունակելու են աջակցել հայ ժողովրդին, գործելու է հանուն Հայաստանի բարօրության և օգնելու է մեր հայրանակիցներին՚,- ասվում է Լիտվայի հայերի միության հայտարարության մեջ:
Մայիսի 5-ին Հայաստանում կայանալու են Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները: Ապրիլի 7-ին մեկնարկած ընտրարշավին մասնակցում է յոթ քաղաքական ուժ`Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙՕրինաց երկիրը՚, ՙԺառանգությունը՚, ՙԲարգավաճ Հայաստանը՚, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն և ՙԱռաքելություն՚ կուսակցությունը: