Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է միգրացիայի շուրջ բաց լսումեր անցկացնել: Այդ մասին խորհրդարանի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՙՔաղաքական ուժերը պետք է միգրացիայի շուրջ բաց լսումներ անցկացնեն: ՀԱԿ-ը չի կասկածում, որ միգրացիայի բարձր տեմպերի հետ կապված իրավիճակի համար պատասխանատու են իշխանությունները, որոնք թաքցնում են անարդարությունը և կոռուպցիան, բայց, այնուամենայնիվ, հանուն Հայաստանի փրկության մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել, եթե, իհարկե, դուք պատրաստ եք՚,- հայտարարել է նա:
Դրան արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`հայտարարելով, որ հասարակության հետ երկխոսության համար խորհրդարանական մեծամասնությանը միջնորդներ պետք չեն:
Ոչ իշխանական քառյակի անունից հանդես է եկել ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը`ասելով, որ միգրացիայի հարցը պետք է մտահոգի ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը: ՙԼուրջ հետազոտություններ են անցկացվել միգրացիայի վերաբերյալ, արդյունքները խիստ մտահոգիչ են, հետևաբար`անհրաժեշտ ենք համարում լսումներ կամ քննարկումներ սկսել, կարևոր չէ`բաց, թե փակ ձևաչափով՚,-դիմել է նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին`միաժամանակ խնդրելով համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի խորհրդարանականները ծանոթանան հարցին:
Սահակյանն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմությունը գնահատական է տալիս իրավիճակին, հետևաբար`հարցը կորցնում է քննարկումների անհրաժեշտությունը ՙԱյդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան հանձնաժողովները, պատրաստեք նյութեր, ներկայացրեք նրանց, հետո կտեսնենք՚,- հայտարարել է նա: