Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ոջունելով հյուրին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատել է Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում:
Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը:
Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են: Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: ՙՄենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը` միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար՚,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: