Կապի օպերատոր Orange ընկերության
ներդրումները Հայաստանում կազմել են 270 մլն.եվրո: Այս մասին հայտարարել է Orange
Armenia ընկերության գլխավոր տնօրեն
Ֆրենսիս Ժելիբտերը (Francis Gelibter), ելույթ ունենալով այսօր հայ-ֆրանսիական
տնտեսական համաժողովի
բացմանը, որին մասնակցում էին նաև Հայաստանի և Ֆրանսիայի
նախագահները:
Գլխավոր տնօրենը
նշել է, որ ներդրումները հիմնականում ուղղվել են կապի ենթակառուցվածքներին, և
այսօր ընկերությունը տրամադրում է շարժական կապի և ինտերնետի լայն
ծառայություններ: Նրա խոսքով, ընկերությունը ներդնում է նոր տեխնոլոգիաներ և
պատրաստ է Հայաստանի իշխանություններին օժանդակել էլեկտրոնային կառավարության
ներդրման հարցում (e-government): Նա այդ հարցով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ նախագահը կարևորել է
էլեկտրոնային կառավարության անհրաժեշտությունը, որը հանրապետությունում
աստիճանաբար ընդլայնում է իր գործունեության ոլորտը: Սարգսյանը հավելել է, որ
կառավարությունը կօժանդակի նորարարությոններին և նոր ինովացիաների ներդրման
նպատակով պատրաստ է տրամադրել հարկային լուրջ արտոնություններ, ընդհուպ մինչև
շահութահարկից ազատմանը: Էլեկտրոնային կառավարության առումով նա նշել է, որ այդ
ուղղությամբ պարբերաբար կազմակերպվում են ազատ մրցույթներ և ինքը շատ ուրախ կլիներ,
եթե հաղթեր Orange ընկերությունը, բերելով նոր տեխնոլոգիաներ ու
գիտելիքներ:
Նշենք,
որ Orange
Armenia ընկերության
100% սեփականտերն է ֆրանսիական France Telecom ընկերությունը: Orange Armenia-ն 2009 թվականից Հայաստանում
տրամադրում է բջջային կապի և ինտերնետ ծառայություններ: 2008 թվականի նոյեմբերին
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Orange Armenia–ին 15
տարով տրամադրել է GSM ստանդարտներին համապատասխանող շարժական կապի շահագործման
հիմնական լիցենզիա: