Հոկտեմբերի 23-ին Air Armenia ընկերությունն իրականացրել է Դոնի Ռոստով-Երևան առաջին չարտերային թռիչքը: Խորհրդանշական է, որ առաջին ուղևորատար չվերթով Դոնի Ռոստովից Երևան են ժամանել հարսն ու փեսան: ՙՍտեղծվում է նոր ընտանիք, և դա խորհրդանշական է մեզ համար՚,- Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանում լրագրողներին ասել է Air Armenia-ի նախագահ Վահան Հարությունյանը:
Նրա խոսքով, հոկտեմբերի 27-ից կսկսվի դեպի Մոսկվա կանոնավոր չվերթերի իրականացումը: Այդ ուղղությամբ օրը երկու անգամ թռիչքներ կիրականացնի А-320 օդանավը:
Նա նշել է, որ Air Armenia-ի`ուղևորափոխադրումների շուկա դուրս գալու հետ միասին արդեն զգալիորեն նվազել են ավիատոմսերի գները: ՙԸնդհանուր առմամբ, մեր գնահատմամբ, շուկայում գներ նվազել են 25-30%-ով` այն ուղղություններով, որոնցով Air Armenia-ն ծրագրում է կանոնավոր չվերթեր իրականացնել, մասնավորապես` Երևան-Մոսկվա և հակառակ ուղղություններով՚,-հաղորդել է ընկերության նախագահը: Ընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի, Կրասնոդար և Դոնի Ռոստով:
Նա ավելացրել է, որ 2014 թ. ընկերությունը մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և այդ նպատակով նախատեսում է լիզինգով լրացուցիչ օդանավեր ձեռք բերել: Մինչև 2013 թ. վերջը, Բոինգ 737-500-ից բացի, նախատեսվում է լիզինգով երկու А-320 օդանավ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ ՙAir Armenia՚-ն ստեղծվել է 2003 թ.ապրիլին և մինչև 2013 թ. բեռնփոխադրումներ է իրականացրել: