Մաքսային միությունն ընդհանուր առմամբ ձեռնտու է Հայաստանին, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
ՙԱյդ ողջ ընթացքում բանակցություններ են տարվել ռուսական կողմի հետ: Դրանք վերաբերել են և’ ընդհանուր սահմանի բացակայությանը, և’ այն բանին, թե ինչպես կարելի է լուծել այդ և մի շարք այլ խնդիրներ: Բայց բազմակողմ բանակցությունների արդյունքում, կշռադատելով բոլոր առավելություններն ու թերությունները, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ դա ձեռնտու է մեզ՚,- ասել է նա:
Ըստ որում, նա հերքել է ավելի վաղ հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը, որ անդամակցելով Մաքսային միությանը`Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը: Քոչարյանն այսօր ասել է, որ նման բան չի ասել: ՙԽնդիրն այն է, որ ՄՄ-ին անդամակցությունը նշանակում է սուվերենության որոշակի պակաս ինքնուրույն որոշումներ կայացնելիս: Դա կապված է մաքսային քաղաքականության, սակագների հետ՚- պարզաբանել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ այդ փաստաթուղթը շատ կարևոր է Երևանի համար, մեծ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ: ՙԻհարկե, ՄՄ-ին անդամակցելու դեպքում ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը չի կարող ստորագրվել, բայց, այնուամենայնիվ, մնացած բոլոր ծրագրերի գծով համագործակցությունը կշարունակվի՚,- նշել է Քոչարյանը: