ՙԻնձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա՚,-հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀԿ 15–րդ համագումարում:
Նա նշել է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: ՙԱնկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն և անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից՚,- ընդգծել է ՀՀ նախագահը:
ՀՅԴ և ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցություններն ավելի վաղ հանդես են եկել կառավարման խորհրդարանական համակարգի անցման օգտին, սակայն հիմա գտնում են, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկած նախագիծը երկրում առկա բոլոր խնդիրները չի արտացոլում:
Նշենք, որ Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մշակման հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգի նախնական տարբերակը, որի հիմնական ինտրիգը, ինչպես ավելի վաղ շրջանառվում էր, Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման մասին առաջարկությունն է:Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է խորհրդարանի վերահսկողական լիազորությունների ընդլայնում, օրենսդիր մարմնին յոթ տարի ժամկետով նախագահ ընտրելու իրավունքի շնորհում: Փաստաթղթի հեղինակները նման ՙբարեփոխումները՚ բացատրում են գերհզոր նախագահի ձեռքում իշխանության մենաշնորհումը բացառելու ձգտմամբ, քանի որ, նման նախագահը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ողջ իշխանությունը կենտրոնացնում է իր ձեռքում: