Հայաստանի բարձր պաշտոնյաների սննդի ձեռք
բերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգային
գործառնությունների հետ կապված ծախսերն այսուհետ կդառնան պետական գաղտնիք:
Ինչպես այսօր ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ
Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանը, ՀՀ
կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել «Գնումների
մասին», «Պետական և առևտրային գաղտնիաի մասին» ՀՀ օրենքներում: Նա նշել է, որ
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ
օրենքի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է
տրամադրվում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Եվ նշված
անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաև խիստ
հսկողություն սահմանել և գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռք
բերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ
կապված գործառնությունները:
Առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն`
նախատեսելով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի և
տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ
ապրանքները, աշխատանքները և ծառայությունները նույնպես ներառվելու են պետական կամ
ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:
Ներկայացված օրինագիծն առաջացրեց ընդդիմադիր
պատգամավորների կտրում բացասական արձագանքը, որոնք նշել են, որ առաջարկվող օրինագիծը
կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: ԲՀԿ-ական պատգամավոր Նարիրա Զոհրաբյանը, ՀԱԿ
պատգամավոր Լևոն Զուրաբյանը և մի շարք այլ պատգամավորներ իրենց տարակուսանքը
հայտնեցին օրինագծի կապակցությամբ, քանի որ օրինագծից հասկանալի չի դառնում`
ծախսե՞րն են գաղտնի դառնալու, թե՞ գործառույթները, որովհետև կարող է գաղտնի լինել,
թե նախագահի ու վարչապետի մեքենան որտեղ են նորոգում, նրա սեղանին դրվող սնունդը
որտեղից են գնում, բայց ինչո՞ւ է թաքցվում ծախսը:
Իսկ
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն օրինակ է բերեց նախկին վարչապետ Տիգրան
Սարգսյանի թանկարժեք գործուղումներն ու դրանց մասին սկանդալային հրապարակումները:
Նա նշել է, որ եթե գաղտնիությունը վերաբերում է արարողակարգային ծախսերին, ապա
գործընթացն է գաղտնի, հետևաբար, ծախսեր բառը պետք է հանել ու մտցնել գործընթաց
բառը: «Կարծում էի, որ նախկին կառավարության հրաժարականից հետո այս նախագիծը դուրս
կգա, որովհետև Տիգրան Սարգսյանն էր, որ սիրում էր թանկարժեք գործուղումներ անել,
բայց ի՞նչ տեղի ունեցավ երկրում, որ եթե հասարակությունը գիտի, թե որքան է
ծախսվում անվտանգության համար, ուրեմն այդ մարդու անվտանգության հարցը վտանգի տա՞կ
է դրվում»,- տարակուսել է Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքով` հանրությունը գիտի, թե
որքան է ծախսվում երկրի անվտանգության համար, բայց դրանից երկրի անվտանգությունը
չի թուլանում, բայց եթե հանկարծ հասարակությունը իմանա, թե նախագահի, վարչապետի ու
ԱԺ նախագահի սպասարկման վրա որքան է ծախսվում, ուրեմն այդ մարդկանց
անվտանգությունը թուլանո՞ւմ է: Ստեփան Մարգարյանը նշեց, որ ոչ ոք չգիտի, թե
նախագահի մեքենան որտեղ է նորոգվում, կամ գործուղման ժամանակ վարչապետը որ
հյուրանոցում է կանգ առնում, որովհետև դա կարգավորվում է նորմատիվային ակտերով:
Սակայն խորհրդարան բերված օրինագծով առաջարկվում է գաղտնի պահել ծախսվող գումարը,
նշել է նա: