ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Նշենք, որ ապրիլի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 23-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Նոր-Նորք համայնքում իրականացված քարոզարշավի ընթացքում հանդիպման կազմակերպիչ, մայրաքաղաքի ավագանու անդամ Արամ Պապյանը խոչընդոտել է լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքներին, քանի որ նա հանդիսացել է ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչ: Պապյանն ու նրա կողմնակիցները լրագրողից վերցրել են նրա ֆոտոխցիկը և ջնջել նկարված նյութերը, որից հետո նրան ծեծի են ենթարկել, լրագրողին պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա են եղել ոստիկանության աշխատակիցները, որոնք չեն միջամտել: