Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին Ադրբեջանի կողմից Ռուսաստանից նոր ռազմամթերք և ռազմական տեխնիկա գնելու վերաբերյալ բոլոր բանակցությունները դադարեցնելու մասին: Նման տեղեկության հայտնվելը կարող էր, սկզբունքայնորեն, դիտվել որպես օրինաչափություն, հաշվի առնելով վերջերս Մոսկվայի հրաժարվելը Գաբալայի ՌԼՍ-ի վարձակալությունից` Բաքվի կողմից նախկին 7 մլն.դոլարի փոխարեն 300 մլն.դոլար պահանջելու պատճառով: Սակայն, երբ միաժամանակ եվրոպական արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներին զենք վաճառելու պայմանների մեղմացման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում մեկ այլ տեղեկություն հայտնվեց, ապա այս տեղեկությունն սկսեց ուժգնորեն ձեռք բերել նպատակաուղղված լցոնի հատկանիշներ:
Ըստ Բաքվի աղբյուրների, Ադրբեջանը հրաժարվեց գնել ռուսական արտադրության նոր փրկարար ուղղաթիռներ, Տ-90Ս տանկեր և ԲՄՌՏ զրահատեխնիկա, ինչպես նաև զենիթահրթիռային համալիրներ: Նշենք, որ միայն վերջին 5 տարիներին Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել էր 1.7 մլրդ.դոլարի ռազմական տեխնիկա: Հաշվի առնելով այն առանձնահատուկ զգայունությունը, որով Մոսկվան արձագանզում է ռազմատեխնիկական համագործակցության թեմային վերաբերվող ցանկացած թեմայի, ապա հարվածը, սկզբունքայնորեն, տեղի էր ունեցել ճիշտ ուղղությամբ: Բաքվում հաստատ չեն սխալվել, որ անգամ ռուսական նոր ռազմական տեխնիկայից հրաժրվելու դեպքում էլ խորհրդային տեխնիկան Ադրբեջանը կշարունակի օգտագործել, և դրանից հեռու չես փախչի: Հետևաբար, Բաքվի ստրատեգները, որոնք փորձում էին Մոսկվայից ստանալ որոշակի զիջումներ, հատկապես ղարաբաղյան կարգավորման հարցում, այսպես թե այնպես, դատապարտված չեն այն գնել Ռուսաստանից, թեկուզ պահեստամասերը: Եվ դա քաջ գիտակցում են ՙՌոսօբօրանէքսպորտում՚:
Ստացվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հասկանալով այս ամենը, տարածեցին նաև երկրորդ տեղեկությունը, որի համաձայն 2013 թվականին Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Շվեդիան, Դանիան, Հոլանդիան, Լեհաստանը և Խորվաթիա մեղմացրեցին Հարավային Կովկասի երկրներին զենք վաճառելու նկատմամբ խոչընդոտները: Մասնավորապես, նշվում է, որ նախկինում դեպի Հարավային Կովկաս զենքի մատակարարումն իրականացնում էին Ֆինլանդիան, Շվեյցարիան, Սերբիան, Հունաստանը, Բուլղարիան, Չեխիան, Ռումինիան, Սլովակիան և Հունգարիան: Իսկ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Գերմանիան միանշանակ հայտարարում էին, որ Հարավային Կովկասին զենք չեն մատակարարելու մինչև տեղական հակամարտությունները չավարտվեն: Ընդ որում, նման անսպասելի ՙմեղմացումների՚ պատճառներն ադրբեջանական լրատվամիջոցները չեն պարզաբանում:
Նշենք, որ իր նավթային եկամուտների շնորհիվ Ադրբեջանը պաշտպանությանն ուղղված իր էքպոնենցիալ ծախսերը 2003 թվականին 160 մլն.դոլարից 2013 թվականին հասցրեց 3.6 մլրդ.դոլարի: Ըստ Ստոկհոլմի խաղաղության պրոբլեմների հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների, միայն անցյալ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ավելի, քան աշխարհի որև երկրում, մեծացնելով այն 88%-ով: Այսպիսով, դժվար չէ պատկերացնել, թե Հարավային Կովկասի երկրներից որ մեկի համար, հանկարծ, եվրոպական երկրները որոշեցին ՙմեղմացնել՚ զենքի գնման պայմանները: Վերոնշյալ երկու տեղեկությունների համադրման և վերլուծության միջոցով կարելի է գալ եզրակացության, որ Բաքուն կացնային իր դիվանագիտության լավագույն ավանդույթներով հերթական անգամ որոշեց Մոսկվային ցուցադրել ՙՌոսօբօրոնէքսպորտին՚ պատվերներից զրկելու իր ցանկությունը: Եվ եթե անգամ երկու տեղեկություններն էլ համապատասխանում են իրականությանը, ինչում կարելի է և կասկածել, ապա Ալիևի շրջապատի կողմից Մոսկվայի նկատմամբ ճնշումներ գործադրելու ցանկությունն ակնհայտ է: Եվ տվյալ պարագայում ռուսական պատասխանի բովանդակությունն ուղղակիորեն կախված կլինի այն բանից, թե ով կպատասխանի` այսպես կոչված ՙդերժավնիկները՚, որոնք ցանկացած կերպ փորձում են պահպանել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը Կովկասյան լեռնաշղթայի մյուս կողմում, թե ՙսերդյուկովները՚, որոնք պատրաստ են այդ շահերը վաճառել ալիևյան մի քանի զույգ միլիոնների կամ սև խավիարի դիմաց: Առաջին դեպքում Ալիևին կհիշեցնեն 2011 թվականին Կազանում դրսևորած չխոսկանությունը, ինչպես նաև Արևմուտքի հետ ՙխաղեր տալը՚, հյուսիսային և հարավային սահմանների հետ կապված պրոբլեմները, և ամենագլխավորը` Ռուսաստանին շրջանցելով էներգակիրները վաճառելու անթաքույց ցանկությունը: Երկրորդ դեպքում ՙպրոբլեմը կկարգավորվի երկկողմ շահերի պահպանման հիման վրա՚, ռուսական շահերի համար բխող բոլոր հետևանքներով:
Այնուամենայնիվ, ամեն դեպքում, որպես կանոն, սուրբ տեղը դատարկ չի մնում: Եվ Բաքվին, որը ռազմական համագործակցություն է իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև`Պակիստանի, Խորվաթիայի, Կոլումբիայի, Ղազախստանի, Չինաստանի, Ուզբեկստանի, Կորեայի, Իսրայելի, Ավստրիայի, Ուկրաինայի, Կատարի և Բահրեյնի հետ, ըստ էության, ոչինչ չի խանգարում ռազմական հարաբերություններն դեպի այդ երկրներ վերակողմնորոշելու համար: Եվ այն, որ մինչ այսօր Ադրբեջանի դինաստիական ռեժիմը նման քայլի չի գնացել, շատ բանի մասին է վկայում, և առաջին հերթին`իր, ինչպես նաև Ադրբեջանի խոցելիության, որին եվրոպացի փորձագետներից մեկը դիպուկ կերպով բնորոշել է որպես կավե ոտներով հսկա: Եվ իրավիճակի նրբանկատությունը հասկանալով`Բաքվին այլ բան չի մնում, քան խաղալ Ռուսաստանի հետ ԶԼՄ-ների միջոցով, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվություն են տարածում, ինչը լիովին տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի լավագույն ավանդույթներում: