18 ուղևորի մահվան պատճառ դարձած ողբերգական ՃՏՊ առնչությամբ քրեական գործի հետաքննության շուրջ միջազգային աղմուկ է բարձրացել: Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը վրդովված է, որ ՙԿամԱԶ՚-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին Մոսկվայում հրապարակային դատական նիստերի են տանում կանացի խալաթով: Նա խնդրում է Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Լուկինին շտապ միջամտել այդ իրավիճակին: Առողջապահության նախարարության, ՆԳՆ և Պատժի իրականացման դաշնային ծառայության ( ՊԻԴԾ) ներկայացուցիչներն ասում են, որ Հարությունյանի արտաքին տեսքի մասին հետաքննության տվյալ փուլում պետք է հոգ տանեն նրա հարազատները, փաստաբանները և դիվանագետները: Այդ մասին գրում է Izvestia.ru-ն:
ՙԸստ ծառայական պարտականության, առողջապահության համակարգը բուժում է, կերակրում, մաքուր անկողին և բարձրորակ բուժծառայություն տրամադրում: Երբ հիվանդը հիվանդանոց ընդունվելիս կորցրած է լինում հագուստը, այն տրամադրում են հարազատները: Երբ օտարերկրյա պետությունների քաղաքացիները հիվանդանոցում են հայտնվում, նույնիսկ հոգեպես անառողջ վիճակում, նրանց ճակատարգրի մասին գոհ են տանում հարազատները, ծանոթները, գործընկերները, հյուպատոսները, դեսպանները, վստահված անձինք՚,- ՙԻզվեստիային՚ պարզաբանել է առողջապահության վարչության ներկայացուցիչ Էլինա Նիկոլաևան:
Հիվանդանոցում, սակայն, ՙԻզվեստիային՚ հաղորդել են, որ Հարությունյանի հագին ոչ թե հիվանդանոցի, այլ`հիվանդներից ինչ-որ մեկի կողմից թողնված խալաթ է եղել: Մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչները նույնպես պնդում են, որ Հարությունյանի արտաքին տեսքին պետք է հետևեն նրա հարազատները և պաշտպանները: Թերթի աղբյուրների համաձայն, քննիչները Հարությունյանի արտաքին տեսքի շուրջ սկանդալը վերջինիս փաստաբանների խորամանկությունն են համարում: ՙԿամԱԶ՚-ի վարորդի փաստաբանը հավաստում է, որ նույնիսկ չի իմացել, որ իր պաշտպանյալին նոր հագուստ է հարկավոր: ՌԴ օմբուդսմենի աշխատակազմն առայժմ Հրաչյա Հարությունյանին վերաբերող բողոք և դիմում չի ստացել: