Անբարոյական է, երբ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավարձը պետք է աճի 203%-ով, ներկայիս 436 հազ.դրամից մինչև 1.323 մլն.դրամ: Այս մասին այսօր խորհրդարանական ամբիոնից հայտարարել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 2014 թվականին կբարձրանան 318%-ով, ներկայիս 383 հազ.դրամից մինչև 1.190 մլն.դրամ: Սակայն, շարունակել է պատգամավորը, այս անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակահատվածում աղքատության մակարդակը երկրում 27.6%-ից բարձրացել է մինչև 31.8%: ՙԿարելի է կարծել, որ այս պաշտոնյաները շատ աղքատ են ու ցածր աշխատավարձ էին ստանում՚,-շարունակել է Փաշինյանը:
Նա բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը համեմատել է ուսուցիչների աշխատավարձերի սպասվելիք բարձրացումների հետ, քանի որ ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան ընդամենը` 4.7%: Իսկ եթե հաշվի առնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել, այսպես կոչված, կուտակային կենսաթոշակը, ապա ուսուցիչների համար աշխատավարձի ոչ մի աճ էլ չի լինի: 2014 թվականին կավելանա նաև հաշմանդամների գումարները: Այսպես, առաջին կարգի հաշմանդամը կստանա ոչ թե 18.3 հազ.դրամ, այլ 19.6 հազ.դրամ: Հայաստանում 30 տարուց ավելի աշխատած անձը կստանա 30.2 հազ.դրամ: ՙՍակայն, ուշադրություն դարձրեք, պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ սպառողական զամբյուղը երկրում հավասար է 32.9 հազ.դրամի: Այսինքն, ավելի քան 30 տարի աշխատած մարդը չի կարողանա ծածկել նույնիսկ նվազագույն պահանջները՚,-ընդգծել է Փաշինյանը, հիշեցնելով, որ ներկայումս Հայաստանում աղքատ է հանդիսանում 1.146 մլն.մարդ, և այդ մարդիկ ամեն օր քաղաքական վերնախավից ակնկալում են իրենց պրոբլեմների լուծում: Եվ այսօր այդ մարդիկ կստանան այս ՙավետալի լուրը՚, որ քաղաքական վերնախավը որոշել է ինքն իրեն համար բարձրացնել աշխատավարձերը: ՙԻ՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ` աղքատության, արտագաղթի և հիասթափության ֆոնի վրա՚,-ասել է Փաշինյանը: ՙԻնչո՞ւ համար պետք է բարձրանա Սերժ Սարգսյանի աշխատավարձը: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Երևանը տանկերով օկուպացնելու համա՞ր, թե՞ այն ամոթի համար, որը Հայաստանն զգաց Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ հայտարարութունից հետո՚,-հարցադրումներ է արել պատգամավորը: ՙԻնչու համար պետք է բարձրանա Տիգրան Սարգսյանի, մշակույթի ու քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը, որոնք համր էին դարձել մշակութային արժեքներն ավերող օլիգարխի առջև: Գուցե համր էին դարձել ցածր աշխատավարձի պատճաառո՞վ: Ինչու՞ համար պետք է բարձրանան պատգամավորների աշխատավարձերը:
Խորհրդարանի ոչ մի պատգամավոր, ոչ մի անգամ, չարտահայտվեց Հայաստանից փախչող ժողովրդի մասին: Գուցե ցածր աշխատավարձի պատճառո՞վ: Այժմ այդ նույն պատգամավորները բողդոքում են, որ իրենց աշխատավարձերը կլինեն փոխնախարարի աշխատավարձին հավասար: Եվ այդ ամենը նրա համար, քանի որ պատգամավորներին երկրի կառավարությունում հավասարեցրել են թուղթ դակողների հետ: Ինչ որ բերում են, սեղմեք կոճակները` բերվածն օրենքի վերածելու համար՚,-հայտարարել է Փաշինյանը, հիշեցնելով Օստապ Բենդերի` Շուրա Բալագանովին ուղղված խոսքերը. ՙՇուրա, Ձեզ որքա՞ն է անհրաժեշտ լիակատար երջանկության համար՚: