Եթե Թուրքիան շարունակի հանդես գալ նախկին դիրքերից`հավակնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մանդատի, առաջ քաշել նախապայմաններ, ՍՏՀԿ շրջանակներում այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան այցից որևէ արդյունք պետք չէ սպասել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումների անփոփոխության մասին կարելի է դատել Դավութօղլուի վերջին հայտարարություններից, ով շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: ՙԱյս համատեքստում Թուրքիայի ԱԳ նախարարի Հայաստան այցից առանձնակի սպասումներ չունեմ՚,- նշել է Սահակյանը:
Խոսելով բողոքի ակցիաների մասին, որոնցով որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են դիմավորել Դավութօղլուին Հայաստանում`նա նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ յուրաքանչյուրն իրավունք ունի սահմանադրական տարբեր մեթոդներով իր դիրքորոշումն արտահայտել: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան այն երկիրն է, որը Ցեղասպանության է ենթարկել հայ ժողովրդին: ՙԵվ Թուրքիայի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ հայ ժողովրդի բոլոր հույզերն արդարացված են, դա իմ անձնական կարծիքն է՚,- ասել է խորհրդարանականը: