ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է ՌԴ դատախազության կողմից կոռուպցիոն գործի հետաքննման մասին լուրը, որում իբր հիշատակվում է երկրորդ նախագահի անունը:
Իր մեկնաբանության մեջ Սողոմոնյանը հիմարություն է անվանել նման հրապարակումները: Նրա կարծիքով, դա հավասարազոր է այն բանին, որ ՀՀ որևէ քաղաքացի դիմի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ, hետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործը քննվում է ՀՀ դատախազությունում:
ՙԵթե դրանից այդ քաղաքացին եզրակացություն անի, թե Բուշի գործը քննվում է Գլխավոր դատախազությունում, ապա նա պետք է շտապ հոգեբույժի դիմի: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում "ցնցող" եզրակացությունների: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված "կոմպրոմատի" երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել՚- ասվում է Սողոմոնյանի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված նամակը՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյայի՝ Տ. Օվչիննիկովայի կողմից, հաղորդել էին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՙԿոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի՚ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր խոշոր բիսզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Ըստ որում, խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ նա դեռ նախագահի պաշտոնում էր: