Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ կնախաձեռնի, եթե մնացած խմբակցությունները համաձայնեն ստեղծված հետընտրական իրավիճակից ելքի ուղիների վերաբերյալ հայտարարության տեքստին: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Միաժամանակ Սահակյանը գտնում է, որ արտահերթ նիստի անցկացումն ինքնին չի կարող հարցի լուծում դառնալ: Տվյալ դեպքում հարկավոր են երաշխիքներ, որ այդ քննարկումներն զգալի արդյունքներ կտան`որոշակի բանաձևի կամ հայտարարության տեսքով:
Նա նաև նշել է, որ նախօրեին ուղարկել է ՀՀԿ համար ընդունելի և ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներից բխող տեքստը, և եթե դրա քննարկումից հետո համաձայնություն ձեռք բերվի և որոշվի նիստի օրակարգը, այն կգումարվի: