ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Այս մասին ՙԱզատություն՚ ռադիոյին հաղորդել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Ըստ Տռուզյանի, Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ուղարկված նամակն արդեն օրենքով սահմանված կարգով ընդունվել է որպես վարույթ: Մասնավորապես, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրում է ՎՊ կողմից բացահայտված փաստերը, և այն այն խախտումները, որոնք կլինեն իրավա-քրեական բնույթի, կարժանանան իրավական գնահատականների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Վերհսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանին էր ներկայացրել անցյալ տարվա հաշվետվությունը: Համաձայն փաստաթղթի, բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, մասնավորապես, շինարարության և պետգնումների ոլորտներում: Այդ առիթով ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անփոխարինելի պաշտոնյաներ չկան, և անհրաժեշտ է ազատվել այն անձանցից, ովքեր զբաղված են պետական միջոցների թալանով