ՙՉորրորդ իշխանություն՚ թերթը գրում է. ՙՎերջապես հաստատվեց այն, ինչի մասին տեւական ժամանակ է խոսում էին նախագահական կուլիսներում: Սերժ Սարգսյանը որոշել է իր իշխանությունը պահել` օգտագործելով սահմանադրական փոփոխությունները և երկիրը տանելով վարչապետական կառավարման՚:
Արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ՙՉԻ՚ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, քննարկում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մի քանի անդամի՝ Դավիթ Հարությունյանին, ով մշտապես իր վրա է վերցնում իշխանությունների կեղտոտ սպիտակեղենը մաքրելու գործառույթը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի եւ իհարկե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վրա է դրված շատ արագ նախապատրաստել հանրաքվեի դրվող փաթեթի այն դրույթները, որոնք նախատեսում են անցումը վարչապետական կառավարման։
Փոփոխությունների փաթեթը հանրությանը ներկայացնելուն զուգահեռ, ՙՉԻ՚ տեղեկություններով, կազմավորվելու է իրավաբանների, քաղաքագետների եւ հանրության մեջ իբր վստահություն ունեցող մտավորականների մի խումբ, ովքեր պետք է տարբեր կոնֆերանսների եւ հանրային լսումների միջոցով հանրությանը ներկայացնեն վարչապետական կառավարմանն անցնելու մոդելի անառարկելի առավելությունները: