Բուհերում ուսման վարձավճարի թանկացման դեմ հանդես եկող ակտիվիստների հերթական բողոքի ակցիան իսկական սերիալի է վերածվել: Ինչպես հայտարարվել էր, օգոստոսի 13-ի կեսօրին ակտիվիստները հավաքվելու են ՀՀ Կրության և գիտության նախարարության առջև`նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման պահանջով:
Հինգ րոպե անց նրանց է մոտեցել Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Սասուն Մելիքյանը, ով փոխանցել է խնդիրը նախարարությունում քննարկելու Աշոտյանի առաջարկը:
Ակտիվիստները նախարարի հրավերը չեն գնահատել`նշելով, որ բաց երկխոսության կողմնակից են: Այնուամենայնիվ, 40 րոպե անց նրանց մի մասը որոշել է բարձրանալ նախարարություն և անձամբ Աշոտյանին հրավիրել ներքև`ակցիայի մասնակիցների մոտ: Նախարարն իր հերթին անկոտրում է մնացել`նշելով, որ նախարարության ներսում ևս կարելի է երկխոսութուն հաստատել: Այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալով`ակտիվիստները կրկին իջել են գերատեսչության շենքի կենտրոնական մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ նախօրեին բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են շարունակել պայքարը, քանի որ անօրինական են համարում ուսման վարձավճարի թանկացման վերաբերյալ որոշումը: