ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը, հայտարարել է, որ լավ աչքերով նայել չի կարող ռուս-ադրբեջանական ռազմական գործարքներին:
Միաժամանակ նախարարը նշել է, որ իրավունք չունի դատապարտել այլ պետությունների գործարքները: ՙՄենք վերահսկողության տակ ենք պահում իրավիճակը, և պետք է նշեմ, որ մենք ունենք Ռուսաստանի հետ ավելի բարձր մակարդակի ռազմական համագործակցություն՚,- ասել է Օհանյանը:
Նշենք, որ, այսօր հայտնի է դարձել, որ առաջիկայում Ռուսաստանը ՏՕՍ-1Ա տեսակի ծանր ռեակտիվ կրականետների հերթական խմբաքանակ կուղարկի Ադրբեջան:
Կրականետների հերթական խմբաքանակը ներառում է 6 մեքենա: Կրակային համակարգերն Ադրբեջանի հրաձգարաններից մեկում թեստավորումից հետո կհանձնվեն պատվիրատուին: Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի համաձայն, կմատակարարվի ՏՕՍ-1Ա տեսակի կրականետների 18 միավոր: Անցյալ տարի Ադրբեջան էր առաքվել 6 մեքենայից բաղկացած մեկ խմբաքանակ, որոնք ցուցադրվել էին հունիսին Բաքվում կայացած զորահանդեսում: