Հայաստանը պետք է պաշտոնական մակարդակով իր բողոքն արտահայտի Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու կապակցությամբ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, ՙՄոդուս Վիվենդի՚ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
ՙՄոսկվան հայտարարում է, որ եթե ՌԴ-ն այդ զենքը չվաճառեր, ապա մեկ այլ երկիր կվաճառեր: Սա անհասկանալի և անտրամաբանական պատասխան է, սակայն ավելի անհամարժեք է հայկական կողմի ռեակցիան, որը փորձում է արդարացնել գործարքը՚,-նշել է նա: Փորձագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, պետք է իր գործըներոջը դասեր տնտեսական շահերից վեր: Հայաստանը միշտ էլ հավատարիմ է եղել Ռուսաստանին, մեկ անգամ չէ, որ Արևմուտքը հրաժարվել է աջակցել Երևանին, հայտարարելով, որ Երևանը հանդիսանում է Մոսկվայի դաշնակիցը: Իսկ Ռուսաստանը դա չի գնահատում՚,-նշել է քաղաքագետը:
Պապյանը նշել է նաև, որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ զինել այդ երկիրը, որն ամեն րոպե հայտարարում է Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու ցանկության մասին: ՙԱնկասկած, Ռուսաստանը չի ցանկանում պատերազմի վերսկսումը, սակայն, եթե, այնուամենայնիվ, այն վերսկսվի, ապա զոհերը կլինեն ավելի շատ, ահա թե ինչի մասին պետք է մտածեն իշխանությունները՚,-հայտարարել է փորձագետը: Նա նաև հավելել է, որ այդ գործարքը չի կարող բանակցային գործընթացում թուլացնել Հայաստանի դիրքերը, քանի որ ունի քաղաքական, ոչ թե ռազմական բնույթ:
Նշենք, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է մոտ 1 մլրդ.դոլարի սպառազինություններ: Սա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համաձայնագրերի առաջին խոշոր փաթեթը չէր, քանի որ 2010-2011 թվականներին նույնպես տեղի են ունեցել նման գործընթացներ, և այն ժամանակ գործարքի ընդհանուր գումարը կազել է մոտ 3 մլրդ.դոլար: