Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող ՙVakantiebeurs' 2013՚ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ: Հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների կողմից աննախադեպ հետաքրքրության է արժանանում: Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան և Արցախ էր այցելել հոլանդական առաջատար ՙBNN՚ հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային և հոգևոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր ՙChannel 3 Travels՚ հեռուստահաղորդաշարով։
Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների կողմից հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: