Հունիսի 21-ին Հայաստանում
առաջին անգամ կմեկնարկի հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի «Ֆրեսկո» փառատոնը՝
«Վնասվածը վերականգնելու կարիք կա...» խորագրով: Արարատյան Հայրապետական թեմի
օրհնությամբ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշնը»
և «Ծիածան» ՀԿ: Փառատոնի հոգևոր խորհրդատուն և պատասխանատուն ԱՀԹ Ս.
Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն է:
Փառատոնի բացման օրը
համընկել է Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն տոնի հետ: Կազմակերպիչները որոշել
են սկսել Խոր Վիրապից: Հետմիջօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ժյուրիի անդամներին ու հյուրերին կընդունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Նույն օրը երեկոյան՝ ժամը
20.00-ին, Երևանում՝ Կարապի լճում, կմեկնարկի փառատոնը:
Կազմակերպիչների խոսքով
փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության
մեջ սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների վերահաստատմանը, հոգևոր
արժեքների տարածմանը:
Փառատոնին կմասնակցեն
Հայաստանի և տարբեր երկրների ինչպես ճանաչված, այնպես էլ նորաստեղծ ֆիլմեր, որոնք
առնչվում են մարդկության արդի հիմնախնդիրներին՝ հոգևորից մինչև սոցիալական:
«Ֆրեսկոյի» շրջանակներում
նոր ձևաչափով ոչ միայն համաշխարհային
հոգևոր կինոնմուշներ կցուցադրվեն, այլ նաև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ
և ազատ հանրային քննարկումների կկազմակերպվեն:
Փառատոնին մասնակցում են
խաղարկային և վավերագրական ֆիլմեր ու
տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը,
ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած
էկոլոգիական աղետները, քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն,
մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:
Ֆիլմերին հաջորդող
քննարկումներին կմասնակցեն ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև հոգևորականներ,
հոգեբաններ և ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ,
ոլորտի պատասխանատուներ: «Ֆրեսկո» միջազգային փառատոնի մրցանակները` կավե ձկները,
պատրաստել են Խարբերդի մանկատան երեխաները: Մրցանակները կշնորհվեն`«Սեր»,
«Խաղաղություն», «Քաջություն», «Երկխոսություն», «Հանդուրժողականություն»,
«Մարդասիրություն», «Մեր օրերի հերոսը» անվանակարգերում: Գրան Պրի մրցանակը`
«Վնասվածը վերականգնելու կարիք կա»:
Կինոսերներին կառաջարկվեն
57 ֆիլմ աշխարհի 17 երկերներից:
«Ֆրեսկո»-ն առաջարկում է
նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որի ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Հայոց
ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այս ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին
պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից
մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը:
Փառատոնը առանձնակի
նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ
կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների
հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն
կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են
«Ֆրեսկոյի» կազմակերպական աշխատանքներում:
Փառատոնի մի մասը
կանցկացվի Երևանից դուրս` Օձունում ու Ախթալայում: Մասնակիցները հնարավորություն կստանան
մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:
Նշենք,
որ Հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի «Ֆրեսկո» փառատոնը կլինի ամենամյա: