Հայ-իրանական հարաբերությունները հիմնված են մի շարք երկկողմ հրաբերությունների վրա, մշտապես գտնվում է զարգացման և թռիչքների փուլերում, չենթարկվելով, և չպետք է էլ ենթարկվեն, տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող երկրների ազդեցությանը: Այս մասին է նշվում Հայաստանում Իրանի դեսպանությունից ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված հաղորդագրության մեջ:
Մայիսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազի գինը շատ բարձր է, քանի որ նրա դեմ կիրառվել են միջազգային սանկցիաներ, հայտարարեց, որ հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային զենք արտադրելու մտադրություններից չհրաժարվելը, ինչպես նաև հարգանքը միջազգային պարտավորություների նկատմամբ, այդ սանկցիաները կշարունակվեն: ՙՀայաստանը, լինելով ՄԱԿ անդամ, հարգում է այդ սանկցիաները, և մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը՚,-հայտարարեց դեսպանը:
ՙԱյսպիսով, ԱՄՆ և արևմտյան որոշ երկրների անօրինական և միակողմանի սանկցիաները Իրանի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ծրագրի առնչությամբ երբեք չեն ազդել Հայաստանի և Իրանի միջև պայմանագրերի և համաձայնութոյւնների վրա: Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը դժվարին պահերին բազմաթիվ անգամ դարձել է Իրանի անշահախնդիր աջակցության վկան: Անդրադառնալով այս պրոբլեմին, ԱՄՆ դեսպանն իր օրակարգում ընդգրկեց Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու քաղաքականությունը, մոռանալով, որ Իրանի և Հայաստանի միջև ջերմ և բարեկամական հարաբերությունները չեն կարող ենթարկվել ինտերվենցիոն բնույթի նման հայտարարություններին: Հայաստանում չեն զոհաբերի իրենց ազգային և տնտեսական շահերը` հանուն Նահանգների անօրինական քաղաքականության, լինելով քաջ տեղեկացված` հարևանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին՚,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ Իրանը, էներգակիրների գների բարձրացման հետ կապված դժվարութոյւնների հետևանքով պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այդ ոլորտում ընդլայնելով գոյություն ունեցող բեղմնավոր համագործակցությունը: Եվ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության արագացումը, ինչպես նաև մյուս էներգետիկ նախագծերի իրականացումը Իրանին և Հայաստանին թույլ կտան համատեղ հասնել ցանկալի և ակնկալվելիք արդյունքներին:
Մայիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը, ձեռնամուխ եղավ Իրանի նկատմամբ նոր սանկցիաների քննարկմանը: ՙԻրանական արտահանման նկատմամբ էմբարգոյի մասին Ակտ՚ անվանումով նոր օրինագծով նախատեվսում է արգելել ՙապրանքների և ծառայությունների ձեռքբերումը որևէ ընկերությունից, որը գտնվում է Իրանի կառավարության սեփականության ներքո կամ վերահսկվում է նրա կողմից: Փաստաթուղթը նաև ՙարգելափակում է այն ընկերությունների բոլոր ակտիվները՚, որն ինչ-որ ձևով կապված կլինի Իրանի կառավարության հետ, ինչպես նա արգելում է այդ ընկերություններին ապահովագրական ծառայությունների մատուցումը: Օրինագիծն ուղղված է ոչ միայն Իրանի, այլ նաև օտարերկրյա այն ընկերութունների դեմ, որոնք գործնական հարաբերությունների մեջ են Իրանի հետ: Փաստաթղթի հիմնական նպատակն է` ուժեղացնել ճնշումներն իրանական ղեկավարության նկատմամբ, որպեսզի ստիպեն կատարել միջազգային պարտավորությունները և հրաժարվել միջուկային զենք ստանալու փորձարկումներից: