Փետրվարի 13-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցներ
բողոքի ցույց են կազմակերպել կուտակային կենսաթոշակների
պարտադիր բաղադրիչի կիրառման առնչությամբ:
Բողոքի ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ ՓԲԸ
ղեկավարությունը պետք է սպասեր կենսաթոշակային վճարումների պարտադիր բաղադրիչի
կիրառման սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշմանը և դրանից հետո միայն
աշխատավարձերից պահեր օրենքով սահմանված 5 տոկոսը: Ակցիայի մասնակիցները մտադիր են
պայքարը շարունակել մինչև նպատակին հասնելը: Նրանք տեղեկացրել են, որ ընկերության
ղեկավարությունը փորձել է իրենց համոզել հետ կանգնել բողոքի ակցիա կազմակերպելու և
դրան մասնակցելու մտադրությունից, խոստանալով, որ այսօր կկազմակերպվի ժողով, որի ընթացքում
կողմերը կփորձեն խնդրի լուծում գտնել: Սակայն ընկերության աշխատակիցները մերժել են
նման առաջարկությունները և կազմակերպել բողոքի ակցիա: Նրանց միացել են նաև «Դեմ
եմ» նախաձեռնության անդամները:
ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը լրագրողներին
հայտարարել է, թե ընկերությունն անօրինական գործողություններ չի ձեռնարկել, այլ
միայն հետևել է օրենքի պահանջներին: Նա հավաստիացրել է, որ աշխատավարձերից պահված
5 տոկոսները գտնվում են հատուկ հաշվում, ոչ մի փոխանցում չի կատարվել,
հիմնադրամներ չեն ընտրվել, իսկ եթե ՍԴ որոշմամբ օրենքի գործողությունը դադարեցվի,
պահված բոլոր միջոցները կվերադարիձվեն աշխատակիցներին:
Ավելացնենք,
որ ՀԷՑ աշխատակիցների ակցիան միակը չէ: Փետրվարի 11-ին համանման ակցի էին
անցկացրել ՀԿԵ աշխատակիցները: Գործնականում, հանրապետությունում համատարած բողոքի
ակցիաներ են ընթանում` ընդդեմ նորամուծության:
Հիշեցնենք,
որ ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակի
մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը` մինչև մարտի 28-ը:
Այդուհանդերձ, համակարգը շարունակում է գործել` չնայած ՍԴ որոշմանը: