Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է շարունակել քաղաքական գործունեությունն այն բանից հետո, երբ առաջիկա աշնանն ավարտվի իր երկրորդ նախագահության ժամկետը:
Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերին: Առայժմ հայտնի է Վրաստանի նախագահի պաշտոնի ընդամենը մեկ թեկնածու` Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: ՙԵս իրավաբան եմ, սակայն մտադիր չեմ վերադառնալ այդ մասնագիտությանը և վերստին կպայքարեմ իմ երկրի ազատության և անկախության համար՚, - հայտարարել է Սահակաշվիլին նախօրեին ՙՌուսթավի-2՚ հեռուստաալիքի եթերից: Նա հայտարարել է, որ ցանկանում է դառնալ ապագա նախագահի խորհրդական, ամեն դեպքում, մտադիր է ակտիվ քաղաքական կյանք վարել:
Հիշեցնենք, որ Վրաստանի սահմանադրության նոր մոդելի համաձայն, առաջիկա աշնանը նոր նախագահի երդմնակալությունից հետո նրա լիազորությունները կկրճատվեն և կվերաբաշխվեն խորհրդարանի և կառավարության միջև: