ՙ168 ժամ՚ թերթի տեղեկություններով, վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թեւի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ եւ հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ:
ՙԻ պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թեւն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար ՙոչ իշխանություն, ոչ ընդդիմություն՚ տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:
Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու եւ իրար հակամարտ թեւերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրություններին:
Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, նա առաջիկայում պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ բացատրությամբ նա պետք հանրությանը համոզի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն, եւ այլեւս ոչինչ չի խանգարի Գագիկ Ծառուկյանին` առաջադրվել եւ դառնալ նախագահ: Եթե «Ծառուկյան` նախագահե կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ` մի քանի մասերի. գործարարների, արմատական ընդդիմադիրների եւ չեզոք ապաքաղաքականների՚,- գրում է ՙ168 ժամը՚։