ՀՀ Խորհրդարանում
հավատարմագրված լրագրողները մտադիր են դիմել էթիկայի հանձնաժողովին, ՀՀԿ
խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի վարքի կապակցությամբ:
Լրագրողներն
արդեն ստորագրահավաք են կազմակերպել և մտադիր են այն պատգամավոր Նիկոլ Փաշինյանի
միջոցով փոխանցել խորհրդարանական հանձնաժողովին:
Նշենք, որ
նախօրեին Մանվել Բադեյանը, ով հանդիսանում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի
հովանավորներից մեկը, բավականին կտրուկ է արձագանքել լրագրողերի այն հարցին, թե
արդյո՞ք հայկական հեռուստատեսությամբ ռուսերենով հեռարձակվող հաղորդումը չի
հանդիսանում լեզվի մասին օրենքի խախտում. «Դուք, իրո՞ք, այնքան ցածր մակարդակ
ունեք, որ այդպես ե՞ք մտածում: Եթե այդ հարցը տար փողոցի եզդին, ես չէի զարմանա,
իսկ դուք, իրո՞ք, այդպես եք մտածում»:
Իսկ այսօր
խորհրդարանի միջանցքներում պատգամավորն սկսեց հայտարարել, որ մտադիր չէր վիրավորել
եզդիների համայնքը, այլ ընդամնեը ցանկացել էր ասել, որ որոշ լրագրողների մտավոր
մակարդակն ավելի ցածր է, քան փողոցը մաքրող եզդիներինը: «Փոխանակ որպես նշանակետ
վերցնեք այն աղբը, որով հագեցված է եթերը, դուք ձեր նետերն ուղղում եք դեպի
ամենալավ հեռուստահաղորդումներից մեկը»,-եզրահանգել է Բադեյանը: Նշենք, որ
Բադեյանի հայտարարությունը զայրացրել է Հայաստանի եզդիների համայնքին, որի
ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է խորհրդարանի փոխոսնակ Էդուարդ Շարազանովը: