ՀՀ կառավարության շենքի դիմաց մինչև նախարարների կաբինետի նիստը հերթական միջադեպն է տեղի ունեցել:
Մաթեմատիկոս Հենրիխ Մխիթարյանը, ով պնդում է, թե հավերժական շարժիչ է հայտնագործել, սակայն կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում իր գյուտին, այսօր հերթական անգամ հացադուլ է հայտարարել նախարարների կաբինետի շենքի դիմաց և գործադիր իշխանության նիստին մասնակցելու նպատակով ժամանող նախարարներին դիմավորել հայհոյանքով: Եվ երբ նա տեսել է մեքենայից դուրս եկող Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, փորձել է հարձակվել նրա վրա`բղավելով, որ նա տգետ է և սրիկա:
Մարտիրոսյանին գիտնականից կարողացել են պաշտպանել կառավարության շենքը հսկող ոստիկանները, ովքեր ուժով հետ են պահել Մխիթարյանին: Միաժամանակ մաթեմատիկոսը պնդում է, որ Հայաստանում արտասահմանյան երկրների դիվանագիտական գերատեսչություններն ուշադրություն են դարձրել նրա հայտնագործությանը և խոստացել օգել: