ՄԱԿ Մարդու
իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր
հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական
խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի
ծառայությունից,
Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ
տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր
հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված
մի շարք ընտանիքների հետ:
Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում
մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի առաջիկա
զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի: