Անկայուն իրավիճակը Թուրքիայի հարավային սահմաններին առավել ակտուալ է դարձնում հարևանների, մասնավորապես` Իսրայելի և Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է Թուրքիայում դեսպանի պաշտոնի թեկնածու Ջոն Բասը:
ՙՄենք Հայաստանին և Թուրքիային կոչ ենք անում ընթանալ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ինչը համագործակցության համընդունելի արդյունավետ միջոց է՚,- հայտարարել է Բասը: Նա հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հայ ժողովրդին հղված ուղերձի մասին, որում նա ցավակցություն է հայտնել ՙԱռաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի՚ ժառանգներին: ՙԹուրքական իշխանությունների այս և այլ դրական ժեստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է երկխոսության տարածություն: Սակայն, այդ ուղղությամբ կարելի է ավելի շատ ջանք գործադրեկ, և մենք կոչ ենք անում շարունակել 1915 թ. ողբերգական իրադարձությունների հետ կապված փաստերի ամբողջական և արդարացի ճանաչումը՚,- հայտարարել է դիվանագետը: