Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հարյուրավոր հայերի ներկայությամբ բացվել է Սրբոց Նահատակաց եկեղեցին, որն առաջին հայկական եկեղեցին է քաղաքում։
Եկեղեցին կառուցվել է ԱՄԷ իշխանության ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ շինարարության համար տարածքն անվճար է տրամադրվել։ Տարածքում նաև այլ կառույցներ են լինելու, որոնցից մեկը ծառայելու է որպես կիրակնօրյա դպրոցի շենք:
Ավելի վաղ եկեղեցի այցելելու համար հայերը ստիպված էին այլ հավատքի եկեղեցիներ հաճախել կամ էլ ուղևորվել Շարժա, որտեղ գործում է Սբ Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցին։
Տարբեր տվյալներով, ԱՄԷ-ում մոտ 11 հազար հայ է ապրում։ Վերջին տարիներին այդ երկիր բազմաթիվ հայեր են մեկնել Հայաստանից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հին ու խոշոր համայնքներից։ Էմիրություններ արտագաղթն աճել է հատկապես Սիրիայում պատերազմի ֆոնին, որտեղ տասնյակ հազարավոր հայեր էին ապրում։ -