Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարապուրդի մատնված Վանաձորի քիմհամալիրի
աշխատողներին խոստացել է աջակցել աշխատավարձի գծով պարտքի մարման գործում:
Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ գործարանը մասնավոր սեփականություն է, և
այդ հարցերն իր իրավասությունից դուրս են: Այդ մասին Աբրահամյանը հայտարարել է
օգոստոսի 6-ին Վանաձոր այցի ընթացքում:
Համալիրի
աշխատողները բողոքի ակցիա էին կազմակերպել` վարչապետից պահանջելով վճարել պարտքերը
և գործարկել ձեռնարկությունը, որտեղ 300-350 աշխատող կա: Նրանք վարչապետին
հավաստիացրել են, որ առկա է կոմբինատի աշխատանքը վերսկսելու ներուժ: Վարչապետը
խոստացել է ուսումնասիրել ձեռնարկության գործարկման, պարտքերի մարման հարցը և
աջակցել գոնե մեկ ամսվա աշխատավարձի վճարմամը:
Հիշեցնենք,
որ 1999 թվականի մայիսին Վանաձորի քիմհամալիրի բաժնետոմսերի 100 տոկոսը 1,5 մլն
դոլարով վաճառվել էր Սենիկ Գևորգյանին պատկանող «Զակնեֆտեգազստրոյ Պրոմետեյ»
ԲԲԸ-ին, սակայն գործարանն այդպես էլ կայուն հիմունքով չէր գործարկվել և 2007
թվականին քիհամալիրի բաժնետոմսերը 25 մլն դոլարով գնել էր ռուսական «Ռոդինգ
Ինտերնեշնլ Լիմիտեդ» ընկերությունը: Դրանից հետո գործարանն ինչ-որ ժամանակ աշխատեց
և դարձյալ կանգնեցվել` կուտակելով պարտքեր: Որոշ տվյալների համաձայն, միայն 11
ամսվա աշխատավարձի գծով պարտքը գերազանցել է 100 մլն դրամը: Բացի այդ, ձեռնարկությունն
ավելի քան 2 մլրդ դրամ ընդհանուր գումարի պարտք է կուտակել գազի և
էլեկտրաէներգիայի դիմաց: