Երկար տարիներ անց
վերջապես ՀՀ կառավարության ծրագրերից սկսում է ծրագրի հոտ գալ: Նման կարծիքի է ՀՀ
նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, մայիսի 21-ին
խորհրդարանի ամբիոնից արտահայտելով իր դիրքորոշումը կառավարության 2014-2017
թվականների ծրագրի առնչությամբ:
Ինչպես նշել է նախկին վարչապետը, նոր կառավարության
քայլերում նա ամենից շատ հավանել է սահմանի վրա ԱԱՀ չգանձելը, քանի որ մինչ այդ
գործող նորմատիվը, ըստ էության, նշանակում էր պետության վարկավորում: Նա նշել է,
որ այդ քայլը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, ինչն էլ իր հերթին
կփոխատուցի սահմանի վրա ԱԱՀ չվճարելը: Բագրատյանի կարծիքով ևս մեկ դրական քայլ է
Համահայկական ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը, կանխատեսելով, որ այդ
հիմնադրամի միջոցները մի քանի անգամ կգերազանցեն Հայաստանի պետբյուջեն: Դրական
գնահատականի են արժանացել նաև կառավարության քայլերը գյուղատնտեսության ոլորտի
սուբսիդավորման հարցում:
Խոսելով
ծրագրի բացասական կողմերից, Բագրատյանը նշել է, որ ծրագրի նախագծում չի լուծված
միկրո, փոքր և միջին բիզնեսի հարկման հարցը: Այսպես, ըստ Բագրատյանի, միկրոբիզնեսը
պետք է վճարի հաստատագրված գումար, փոքր բիսնեսը` շրջանառության հարկ, իսկ խոշոր
բիզնեսը` շահութահարկ և ԱԱՀ: Նման պայմաններում բողոքներ չեն լինի: Նա առաջարկել է նաև բոլոր քաղաքացիների համար
ներդնել հայտարարագրերի համակարգ, պայմանով, որ եթե սննդամթերքի ծախսերը կազմում
են ծախսերի 80%-ը, ապա հաջորդ տարի վճարված հարկի 3%-ը ետ է վերադարձվում: Նա
առաջարկել է նաև գյուղերում ստեղծել կոոպերատիվներ, ֆերմերներին տալով
կիսաֆաբրիկաներ արտադրելու հնարավորություն, ինչպես նաև հատկապես այդ արտադրանքը
վաճառել վերամշակող ձեռնարկություններին: «Գյուղատնտեսական պրոդուկտը կազմում է
վերջնական պրոդուկտի գնի 35%-ը»,-նշել է նա, հավելելով, որ դա կբարձրացնի
ֆերմերների եկամուտները: