Տնտեսական պատժամիջոցները, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային պատերազմը Երևանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում քիչ հավանական են: Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը` պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:
ՙԱյնպիսի առևտրային պատերազմ, ինչպիսին այժմ ծավալվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, Հայաստանի պարագայում շատ քիչ հավանական է, քանի որ Հայաստանն ու Ուկրաինան տարբեր քաշային կարգերի են: Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ողջ նշանակալիությամբ հանդերձ` Ուկրաինայի դերը Ռուսաստանի համար դժվար է գերագնահատել: Տվյալ դեպքում Ռուսսատանի և ԵՄ միջև մրցակցությունը Կիևին ինտեգրման նախագծերում ներգրավելու առնչությամբ բավականին կոշտ է՚, - նշել է Գրիգորյանը:
Վերլուծաբանի ասելով, այդ պնդման օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմակայան, երկու երկրների միջև գոյություն ունի բավականին ամուր ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն: ՙԱյս գործոնը Հայաստանի արտաքին առևտրի աննշան ցուցանիշների հետ միասին թույլ է տալիս ասել, որ Հայաստանի նկատմամբ խիստ միջոցները, պարզապես, անիմաստ են: Նույնը կարելի է ասել, օրինակ, Մոլդովայի մասին՚, - ամփոփել է Գրիգորյանը: