ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատությունից Հայաստանի իշխանությունները կարող են իրենց համար օգտակար եզրակացություններ անել, ապրիլի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունից ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցներն այլ երկրների իշխանությունների ուշադրությունն իրենց իսկ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների վրա հրավիրելու յուրօրինակ գործիք են: ՙՀամաձայն եմ, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության նման փաստաթղթերն իրենց բովանդակությամբ շատ սուր են: Վերջին զեկույցը նման հերթական փաստաթղթերից մեկն է, որը, կարծում եմ, կարող է օգտակար լինել մեր երկրի ղեկավարության համար: Դա ինչ-որ չափով կստիպի իշխանություններին այլ կերպ նայել Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին, ճիշտ գնահատել և վերլուծել գոյություն ունեցող իրողությունները՚,- նշել է նա: Միաժամանակ հանրապետականը վստահ է, որ վերոհիշյալ փաստաթուղթն ամբողջովին չի արտացոլում այն ջանքներն ու միջոցները, որոնք գործադրվում են Հայաստանի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար:
Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտեմնտը նշել է, որ 2012 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: