Եվրամիությունը ճնշման իր լծակներն ունի, որոնց շնորհիվ` Ռուսաստանն ստիպված կլինի համակերպվել Հայաստան-ԵՄ և Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքների հետ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Վիլնյուսի համալսարանին կից Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտի դասախոս Վիտիս Յուրկոնիսը:
Նրա խոսքով, Եվրամիությունում Լիտվայի նախագահության ընթացքում հիմնական շեշտը դրվելու է Ուկրաինայի վրա: ՙԵթե այդ երկիրը, այնուամենայնիվ, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, վերջնականապես կշեղվի Եվրասիական միությանը հնարավոր անդամակցումից, ինչը, անշուշտ, չի կարող չվրդովել Ռուսաստանին՚,- նշել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ այդ համաձայնագիրը Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական պայքարի հերթական առիթ է դարձել, սակայն ճնշման բրյուսելյան լծակները կազդեն ռուսական դիրքորոշման վրա:
Ըստ որում, փորձագետը թերահավատորեն է վերաբերել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, քանի որ այդ գործընթացը պետք է իրականացվի ՙԱրևելյան գործընկերության՚ անդամ բոլոր երկրների հետ միաժամանակ: ՙՄինչդեռ ՙԱրևելյան գործընկերության՚ անդամների մեծ մասն առայժմ պատրաստ չէ Ասոցիատիվ անդամակցությանը, և վերջիններիս պատճառով կարող է հետաձգվել նաև Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը՚,- բացատրել է փորձագետը: Նշենք, որ Լիտվան ԵՄ նախագահությունը ստանձնել է հուլիսի 1-ին: