Հանցագործը
պետք է արժանի պատիժ կրի` անկախ այն բանից, թե ում ազգականն է կամ որ
կուսակցության անդամ: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, կառավարող ՀՀԿ մամուլի
քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ
Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած միջադեպը:
«Ես համաձայն չեմ այն գնահատականներին, որոնք
իրավախախտում կատարած մարդկանց բաժանում են ըստ կուսակցական պատկանելության:
Հանցագործը մնում է հանցագործ, անկախ այն բանից, նա ԲՀԿ թե ԿԿՀ անդամ է: Մեր
գնահատականը, ՀՀԿ գնահատականը շատ պարզ է. գոյություն ունեն իրավապահ կառույցներ,
և անկախ այն բանից, թե հանցագործն ով է, նա պետք է կրի օրինական
պատասխանատվություն», - ասել է Շարմազանովը:
Մայիսի 26-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի
եղբորորդի Էյներ Խաչատրյանն ընկերների հետ ներխուժել էին Գորիսում «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի բնակարան, ծեծի էին
ենթարկել նրա որդիներ Գոռին և Արթուրին, հասցնելով դանակի հարվածներ, դեպքի վայր հասած «Շտաբ օնության»
աշխատակիցներին թույլ չէին տվել օգնել վիրավորներին և նրանց տարել էին անհայտ
ուղղությամբ: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, միջադեպից հետո
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը տուժածների մորը 3 հազար դոլար է
առաջարկել` լռության դիմաց:
Այսօր հայտնի է դարձել, որ Ոստիկանության Գորիսի բաժանմունք են ներկայացել պարզաբանում նախաձեռնողներն
ու բացատրական ցուցմունք տվել նախօրեին իրենց մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ: Քննությունը շարունակվում է, փաստի
առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Գտնվել են նաև տուժածները: