ՙԱրմավիա՚ ընկերությունը կասեցրել է անվճարունակության ընթացակարգը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է ընկերությունից:
ՙՊարտքերն աստիճանաբար մարվում են, ինչպես աշխատկիցների աշխատավարձերի գծով, այնպես էլ կրեդիտորների հանդեպ: Արդեն մարվել են որոշ բանկերի վարկերի գծով պարտքերը՚,-տեղեկացրել են ընկերությունում: Միաժամանակ չի նշվում պարտքերի ընդհանուր գումարը և մարման ժամանակացույցը: Ընկերությունում հրաժարվում են տեղեկացնել նաև, թե մտադի՞ր է արդյոք ՙԱրմավիան՚ պարտքերը մարելուց հետո վերադառնալ ավիափոխադրումների շուկա և մասնակցել ավիափոխադրումների մրցույթներին: Նշենք, որ ՙԱրմավիան՚ ձեռնամուխ էր եղել անվճարունակության գործընթացին 2013 թվականի ապրիլի 1-ին, դադարեցնելով թռիչքները:
Միևնույն ժամանակ, ՀՀ Պետական եկամուտների Կոմիտեն պետբյուջեի օգտին հանրապետության վարչական դատարանին է ներկայացրել ՙԱրմավիա՚ ընկերության նկատմամբ 7.035 մլրդ.դրամի հայց, հաղորդել են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Ապրիլի 19-ին դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը և հայցը բավարարելու նպատակով արգելանք դրեց ավիաընկերության գույքի և դրամական միջոցների վրա: Պարտքեր են կուտակվել նաև շահութահարկի, եկամտահարկի և պետական տուրքերի գծով: Դատական նախնական նիստերը տեղի ունեցան հունիսի 14-ին և հուլիսի 4-ին: Հերթական նիստը նախատեսված է հուլիսի 30-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՙԱրմավիա՚ ընկերությունը պետբյուջեին պարտք է 24.2 մլրդ. դրամ, այդ թվում 6.9 մլրդ.դրամ հարկերի գծով` գումարած 17.3 մլրդ.դրամ տուգանքներն ու տույժերը:
Նշենք, որ ընկերությունը հիմնվել է 1996 թվականին և պատկանում է ՙՄիկո Լիմիթեդ՚ ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: Նխկինում ընկերությունը շաբաթական իրականացնում էր ավելի քան 100 չվերթ, ավելի քան 40 ուղղություններով, դեպի 20 երկրներ: