Պաշտոնական Ստեփանակերտը կշարունակի քաղաքական կոնսուլտացիաներն Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա, և միջազգային հանրությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Նոր Գետաշեն գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Ի պատասխան Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին` Ա. Հարությունյանը ընդհանուր առմամբ ողջունելի է համարել ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, սակայն, նշել է, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում: Արա Հարությունյանը հայտարարել է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան, Կոսովոն կամ և Հարավային Օսիան: Վարչապետի խոսքով, հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով: