Հայաստանի պատասխանն ադրբեջանական սադրանքներին պետք է համարժեք և կոշտ լինի: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ հակառակորդնինտենսիվ գնդակոծություն է իրականացրել, ինչի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել:
Այս առնչությամբ ՀՀ ՊՆ նախկին ղեկավարն ընդգծել է, որ նման գործողություններով հակառակորդը հերթական անգամ փորձում է խուճապ առաջացնել, ճնշում գործադրել հայկական կողմի վրա` ստիպելով վերջինիս Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի փոփոխության գնալ: Նրա խոսքով, Բաքուն նաև ակնկալում է, որ Հայաստանից բնակչության արտագաղթի հսկայական մասշտաբները կստիպեն Երևանին նահանջել:
ՙՄենք չպետք է մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, և նման միջադեպերը չպետք է վախեցնեն մեզ: Հրաձգությանը պետք է հրաձգությամբ պատասխանել: Պետք է նաև ակտիվորեն աշխատել դիվանագիտական ճակատում՚,- ասել է Հարությունյանը: Նա ճիշտ է համարում Երասխում միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Պաշտպանության նախարարություն հրավիրելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշումը: ՙՊետք է նաև բոլոր հնարավոր միջազգային կառույցներին` ինչպես ԵԱՀԿ ՄԽ, այնպես էլ ՀԱՊԿ, ԱՊՀ, կոչ անել դատապարտել Ադրբեջանի գործողությունները՚,- նշել է նախկին նախարարը: