IP-TV ծառայությունը (ինտերակտիվ հեռուստատեսություն) պետք է ԱրմենՏել ընկերության կողմից գործարկվի որակյալ և սեղմ ժամկետներում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՙԱրմենՏել՚ ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ՙՄենք պատշաճ որակով IPTV–ի գործարկման խնդիր ենք դրել այն ժամանակ, երբ կկարողանանք դա անել՚,– ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջին ասուլիսի ժամանակ ասել է նա։
Նա նշել է, որ ԱրմենՏելի հաճախորդները շահագրգռված են այդ ծառայության օգտագործմամբ, ափսոսանք հայտնելով, որ այն դեռ գոյություն չունի։ ՙՉեք հավատա, սակայն իմ առաջին աշխատանքային օրը ես հարցրեցի, թե ինչու այստեղ չկա IPTV՚,– ասել է նա։ Սակայն, նա դժվարացել է ծառայության գործարկման կոնկրետ ժամկետներ նշել, միայն հայտնելով, որ մինչ այդ ԱրմենՏելը դեռ շատ բան ունի համաձայնեցնելու կարգավորող մարմինների հետ։
ՙԿան բաներ, որոնք մենք տեխնոլոգիապես պետք է անենք, որպեսզի մեր բաժանորդները որակյալ ծառայություն ստանան,– ընդգծել է նա։
ԱրմենՏելի նոր գլխավոր տնօրենը հիշեցրել է նաև, որ այդ բնագավառում մեծ աշխատանք է կատարվել, և այժմ նրանք պետք է Հայաստանի համար առավել օպտիմալ տեխնոլոգիա ընտրեն, որպեսզի այդ ծառայությունը գործարկվի սեղմ ժամկետներում։
ՙԻմ անձնական խնդիրն է որքան հնարավոր է շուտ դա անել՚,– ասել է Պյատախինը։
Նշենք որ ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մասը: ՎիմպելԿոմը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։