«Ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել», - հայտարարել է Հայաստանի
նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում անցկացված
խորհրդակցության ժամանակ:
Նրա ասելով, մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է, ինչի մասին վկայում է այն
փաստը, որ 9 զինվորից բաղկացած սովորական հայկական ստորաբաժանումը պարտության է մատնում
3-4 անգամ իրեն գերազանցող ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատին: Նախագահի հավաստմամբ, հայկական դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: «Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով:
Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին», - ասել է նա: Սերժ
Սարգսյանը նաև նշել է, որ համալրվում են մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: «Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ կան բանակներ, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով: Բանակն այն օրգանիզմն է, որ ամեն անգամ պահանջում է նոր զենք, նոր զինամթերք: Սա էլ բնորոշ գիծ է բոլոր բանակների համար: Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք», - հայտարարել է նախագահը: